Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքի ակվարիումում ապրող զեբրանախշ շնաձուկը երեք ձագ է ունեցել, առանց արու առանձնյակի հետ շփվելու։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Շնաձուկը 41 ձվապատիճ էր դրել, որոնցից 3 էգ ձագ են դուրս եկել։ «Կուսածնության» երեւույթը շնաձկների մոտ հանդիպում է շատ հազվադեպ, սակայն սա առաջին դեպքը չէ։
Պարթոգենեզը առանց բեղմնավորման՝ ձվաբջջից նոր օրգանիզմ ձեւավորելու առանձնահատկություն է, որը հանդիպում է նաեւ շնաձկների մյուս տեսակների մոտ։ Ի սկզբանե գիտնականները ենթադրում էին, որ շնաձկան էգն ունակ է պահպանել սերմնահեղուկը նախորդ բեղմնավորումից հետո, բայց երբ մի քանի շնաձուկ հղիացել էին առանց սեռական շփում ունենալու, կենսաբանները պարզել էին, որ շնաձկները կարող են ձագեր ունենալ առանց արական քրոմոսոմների։
Ֆլորիդայի բնագիտության թանգարանի օվկիանոսագետ Ջորջ Բիրջեսը օրգանիզմի այդ առանձնահատկությունն անվանում է էվուլյուցիոն առավելություն։ Դրա գլխավոր թերութունը գենետիկ բազմազանության բացակայությունն է։





























