Ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագրին շուտով կմիանա նաև Հայաստանը։ Ինչպես NEWS.am թղթակցին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ներկա պահին համաձայնագիրը գտնվում է խորհրդարանում վավերացման փուլում։

Հիշեցնենք որ 2012-ի դեկտեմբերին ստորագրվել էր ԱՊՀ անդամ երկրների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։  Այն այս պահին վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ երկրներից մեկի ռեզիդենտ-բանկերին  թույլատրել ԱՊՀ մյուս երկրների արժութային շուկայում  իրականացնել միջբանկային արժութային փոխարկում  այդ պետությունների ռեզիդենտ-բանկերի հետ հավասար պայմաններով։

Այդուհանդերձ վերոնշյալ երկրների հետ Հայաստանը Եվրասիական միության շրջանակներում արդեն ունի նման ռեժիմ։ Միջբանկային արժութային շուկայում հավասար պայմանները սահմանված են ԵՏՄ ստեղման մասին համաձայնագրով։

 Այդուհանդերձ հարկ է նկատել, որ խոսքը դեռևս գնում է արտարժույթի փոխանակման մասին, իսկ ընդհանուր շուկայի վարկավորման հարցը դեռևս չի դրվում ո՛չ ԵՏՄ–ում, ո՛չ էլ առավել ևս ԱՊՀ երկրներում։ Սակայն պարզեցված փոխանակման պայմանագրեր նույնպես առավելություններ են տալիս. բանկերը հնարավորություն են ստանում գործընկեր երկրներում փոխանակել արտարժույթը առանց տոկոսների և ավելորդ ծախսերի։