Մոսկվայում, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը` գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունն այսուհետ էլ ավելի կզարգանա:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գեւորգ Կոստանյանին եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմանի համագործակցության զարգացման համար:
Յուրի Չայկան ընդգծելով նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը՝ նշել է, որ դրանք նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում միասնական մոտեցումների ձեւավորման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում:
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը եւ Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:




























