Արտաշատի բժշկական կենտրոնից հունվարի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված եւ 7 օր անց մահացած նորածնի մահվան գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության օրը հայտնի կլինի միայն հուլիսի 11-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած երեխայի հայրը՝ գործով տուժողի իրավահաջորդ Մակար Անտոնյանը:
«Քննիչի հետ եմ խոսել, ասաց, որ երկուշաբթի օրը կնշանակեն: Մենք էլ միջնորդել ենք, որ նիստին անպայման ներկա լինենք»,- ասաց Մակար Անտոնյանը:
Ի դեպ, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացվել էր դեռեւս մայիսին:
Նշենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակչուհի 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016 թվականի հունվարի 30-ին: Երեխան նույն օրը տեղափոխվել է Երեւան, իսկ 7 օր անց՝ մահացել: Նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացրել:
«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ այս ամենը՝ բժիշկների պատճառով»,- ասում է Մակար Անտոնյանը:
Երեխայի հոր խոսքով՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ երեխան ունեցել է ողնաշարի կոտրվածք եւ ուղեղի այտուց:




























