Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի խանութում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Մեղադրական եզրակացության համաձայն` Գագիկ Խաչատրյանը կատարել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ, ինչի հետեւանքով անզգուշությամբ Սուզաննա Մնացականյանի եւ Վասպուրակ Բարեյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս ՝ կյանքին վտանգ սպառնացող:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի խանութներից մեկում պայթյուն էր տեղի ունեցել: Խանութի աշխատակիցն ու հաճախորդը` 28-ամյա Վ. Բ.-ն եւ 40-ամյա Ս. Մ.-ն, ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ գյուղապետ Գնել Գրիգորյանի` պայթյունը գազի արտահոսքի հետեւանք էր. «Գազի խողովակն անցնում է խանութի առջեւով, այն վնասվել էր, գազի արտահոսք էր եղել: Գազը խանութ է լցվել, աշխատողը մտել է՝ սուրճ դնելու, լուցկին վառել է, պայթել է, մթերքը վնասվել, պատուհանները կոտրվել են, սառնարանները դուրս են շպրտվել, տուժել են աշխատողը եւ այդ պահին խանութում գտնվող մի հաճախորդ»: