Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով մայիսին կրճատվել են 22,4 մլն դոլարով կամ 17 տոկոսով: Ընդհանուր առմամբ, հունվարից մայիս անկումը հասել է 32,3 մլն դոլարի կամ 6,2 տոկոսի: Ըստ ամիսների, տարեկան կտրվածքով, աճ է գրանցվել միայն փետրվարին (տես՝ աղյուսակը):
Նշենք, որ անցած տարին արդեն նշանավորվել է դրամական փոխանցումների խոշոր անկմամբ: Այդ իսկ պատճառով այս ոլորտում կատարված փոփոխությունների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար համեմատություններ կատարենք 2014 թ. հունվար-մայիսի հետ:
Երկու տարվա ընթացքում արտասահմանից դրամական փոխանցումները կրճատվել են 277 մլն դոլարով կամ ավելի քան մեկ երրորդով (36,2 տոկոս): Այս անկումը դարձավ այն գործոններից մեկը, որը բացասական ազդեցություն ունեցավ հայրենական տնտեսության, առաջին հերթին մանրածախ առեւտրի վրա:
Բնականաբար, քաղաքացիների ստացած դրամական միջոցներն ամբողջությամբ չեն ծախսվում ապրանք գնելու համար, բայց այդ երկու ցուցանիշների միջեւ որոշակի կապն ակնհայտ է:
Հունվար-մայիսին Հայաստանում մանրածախ առեւտրաշրջանառությունը ընթացիկ գներով կազմել է 439,6 մլրդ դրամ, եւ երկու տարում կրճատվել է 11 տոկոսով: Նույն ժամանակահատվածում արտերկրներից քաղաքացիների դրամական փոխանցումները կրճատվել են 25 տոկոսով՝ արդյունքում կազմելով 236,3 մլրդ դրամ:
Հավելենք, որ մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի համեմատությամբ՝ հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների գումարը կազմել է մոտ 54 տոկոս:
Փոխանցումների խնդիրը, սակայն, չի սահմանափակվում դրանց ներհոսքի անկմամբ: Նշված երկու տարում գումարի զուտ ներհոսքը (այսինքն՝ «ներհոսք» հանած «արտահոսք») կրճատվել է 251,8 մլն դոլարով (կամ համարյա 60 տոկոսով): Դա հիմնականում կապված է Ռուսաստանի հետ:
Նշված երկու տարում «ռուսական» փոխանցումների հոսքի կտրուկ նվազման (2,1 անգամ) ֆոնին զգալիորեն մեծացել է Հայաստանից Ռուսաստան փողի արտահոսքը (ավելի քան 1,5 անգամ): Արդյունքում Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումների դրական սալդոն նվազել է 3,8 անգամ՝ կրճատվելով 454,8 մլն դոլարից մինչեւ 119,8 մլն դոլարի:
Նշված ժամանակահատվածում դրամական փոխանցումների ընդհանուր հոսքում Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է ավելի քան 17 տոկոսային կետով՝ հասնելով 54 տոկոսի: Ինչ վերաբերում փողի արտահոսքին՝ մեր հյուսիսային հարեւանի տեսակարար կշիռն աճել է համարյա 19 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում հասնելով 47 տոկոսի:





























