17-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող, Ադրբեջանում գերեվարված ու հետո հայրենիք վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թեեւ նրա պաշտպան Աննա Մեժլումյանը կասկածներ ունի, որ ուրիշն է կատարել հանցագործությունը:
«Խոսակցություններ կան, որ ուրիշն է կատարել հանցագործությունը, բայց թե ինչու է Արսենը նման խոստովանական ցուցմունք տվել, պարզ չէ: Հույս ունենք, որ իրավապահ մարմինները կուսումնասիրեն մյուս բոլոր հավանական վարկածներն ու կբացահայտեն սպանությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Աննա Մեժլումյանը:
Ըստ փաստաբանի՝ Արսեն Խոջոյանը խոստովանել է, թե սպանել է աղջկան, քանի որ վիրավորել է իր մորը: Այս գործով արդեն նշանակվել է դատահոգեբաբանական- դատահոգեբուժական փորձաքննություն:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ հունիսի 24-ին ժամը 21:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա անչափահաս բնակչուհին, որը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Ապացույցներ են ձեռք բերվել, որ անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա. Խոջոյանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղեւորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից եւ միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ եւ սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։
Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ա. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ հարցաքննվել: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:





























