Մեր նախաձեռնությունը ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումների ձեւաչափի փոփոխությունների դեմ կատարվող հայտարարություն է, եւ այն մասին է, որ ոչ ոք իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կին գործիչների նորաստեղծ նախաձեռնությանը:

Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են բնապահպան Կարինե Դանիելյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ նախկին օմբուդսմեն, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Եթե իշխանություններն էլ ի վիճակի չեն առաջարկներ անել, այն ինչ իրենց սահմանադրական պարտականությունն է, ապա ուրեմն ժողովուրդը ինքը պիտի լուծումներ փնտրի իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց Հրանուշ Խառատյանը:

Հարցին, թե իրենց նոր նախաձեռնությունը կոնկրետ ինչ քայլեր է անելու խնդրի կարգավորման վերաբերյալ լուծումներ է առաջարկելո՞ւ, Խառատյանը պատասխանեց. «Այս նախաձեռնությունն ուղղված է նրան, որ բանակցային գործընթացում չեն շրջանառվում կարեւորագույն հարցեր, եւ լրացուցիչ փուլային քննարկումները փոխում են ձեւաչափը։ Մենք ուղղակի փորձում ենք ինչ որ ձեւով հանրային բողոք արտահայտել այդ փոփոխությունների դեմ»:

Դիտարկմանը` եթե Սերժ Սարգսյանը առաջարկի հանդիպել իրենց հետ ու քննարկել մտահոգությունները, կհամաձայնե՞ն, թե իրենց ձայնը լսելի են դարձնելու միայն հանրային հրապարակումների միջոցով, ասաց. «Կարծում եմ, որ ցանկացած առաջարկ լսել ու քննարկելը կընդունենք, բայց նախապես հայտարարելով, որ քննարկումը չի նշանակում` մենք դիրքորոշում ենք փոխում եւ Սերժ Սարգսյանին արտոնում ենք միանձնյա համաձայնություններ տալ»:

Հրանուշ Խառատյանն ասաց, որ առայժմ տեքստային հայտարարություններ են անում, հանդիպում տարբեր մարդկանց հետ եւ եթե կառուցողական առաջարկներ լինեն, արդեն կքննարկեն հետագա գործողությունների ծրագիրը:

«Առայժմ միայն տեքստային հայտարարություն արվեց, մենք հանդիպում ենք տարբեր մարդկանց հետ եւ փորձում տեսնել` կան կոնստրուկտիվ առաջարկներ, եթե կան հավաքել դրանք: Իսկ թե ինչ գործնական քայլեր կլինեն, դրանք կախված են մեր քննարկումների ժամանակ մարդկանց ռեսուրսային հնարավորություններից ու պատասխանատվությունից»:

Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են բնապահպան Կարինե Դանիելյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ նախկին օմբուդսմեն, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրանք օրեր առաջ հայտարարություն տարածեցին իրենց նոր նախաձեռնության մասին: Կին գործիչների անհանգստության առարկան ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ եւ վտանգավոր գործընթացն է, իրենց խոսքով` ազատագրված տարածքների վերադարձի հնարավորությունը եւ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու սակավ ջանքերը: