Պետք է շատ հստակ հասկանալ, որ Ռուսաստանը ունի իր պետական շահերը, որը կարող է Հայաստանի ցանկությունների հետ չհամընկնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր:
«Ընդհանուր առմամբ, ռազմական գործընկեր ՀԱՊԿ, ԵՏՄ անդամության, իրավունքների եւ պարտականությունների, միջազգային համաձայնագրերի իրական արժեքը մեզ համար պետք է շատ հստակ լինի։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ Ռուսաստանն ունի իր ազգային պետական շահերը, որ կարող են մեր ցանկությունների հետ չհամընկնել։ Ռուսաստանը եղել է դարեր ի վեր կայսերական նկրտումներով պետություն։ Բնական է, որ Ռուսաստանը կուզենա իր վերահսկողության, ռազմաքաղաքական, տնտեսական ուղեծրի մեջ մտցնել նաեւ Ադրբեջանին, այդ իսկ պատճառով պետք է շատ լավ հասկանանք, որ Ռուսաստանն ունի իր շահերը եւ առաջնորդվում է իր շահերով»,–ասաց Սամվել Նիկոյանը։
Մեր հիշեցմանը, թե արդյոք սա չի նշանակում, որ Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չի ունեցել Հայաստանի նախագահի մակարդակով խիստ արձագանքը Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ, Նիկոյանն արձագանքեց. «Այո, տարիներ շարունակ մենք մամուլով եւ իշխող կուսակցության ներկայացուցիչներով, արտգործնախարարության եւ երկրի նախագահի մակարդակով բարձրաձայն հայտարարել ենք մեր դժգոհության մասին, բայց նույնիսկ ապրիլյան իրադարձությունից հետո, Ռոգոզինը, Մեդվեդեւը եւ իրենց արտգործանախարարության մակարդակով վերահաստատել են իրենց մոտեցումը՝ Ադրբեջանին արդիական հարձակողական զենք զինամթերքի վաճառքի ուղղությամբ»։
Հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Ռուսաստանը նման շտապողականություն չի ցուցաբերում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կնքած 200 միլիոն զենքի պայմանագիրը իրագործելու ուղղությամբ, իշխող կուսակցության պատգամավորը պատասխանեց. «Ցավոք սրտի, անհարկի ուշացումը ունի իր բացատրությունը, որն, իհարկե, մեզ համար ընկալելի, ընդունելի չէ։ Զենքը ստանալը այն չի, որ այնտեղ դրված է, գնաս վերցնես, կան զինատեսակներ, որոնք պատրաստման փուլում են։ Պետք է հասկանանք հետեւյալը, որ քաղաքականությունը հնարավորինի իրականացման արվեստ է։ Մեր պետությունը կարող է անել այն, ինչ կարող է։ Խոսքը գերհզոր պետության արտաքին քաղաքականության դիրքորոշման մասին է, որի վրա, իհարկե, ունենք որոշակի ազդեցության հնարավորություն, որը փորձում ենք իրականացնել, բայց չենք կարող ամբողջությամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հարմարեցնել մեր պետական շահին»։





























