Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության գործով ձերբակալվածը նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Հակոբյանն է: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նա Քոչոտյանների տուն մտել է հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, սկբում բութ գործիքի հարվածով սպանել 37-ամյա Օֆելյա Քոչոտյանին ու 18 տարեկան Ասյային, այնուհետեւ տանջամահ արել 16-ամյա Արմինեին եւ 5-ամյա Սերյոժային, որոնց մարմինների վրա տարբեր վնասվածքներ են հայտնաբերվել:
Նոդար Հակոբյանը ամուսնացած է եղել, սակայն, վերջերս ամուսնալուծվել էր, ունի մեկ երեխա: Նա գյուղում աչքի է ընկել իր վատ վարքով` անընդհատ ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ տարբեր պատմությունների մեջ ընկել: Կասկածներ կան, որ նա հանցագործությունը մենակ չի կատարել: Իրավապահները պարզում են հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 16, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:




























