Սելավատարը, որի խցանումից Արթիկում հունիսի 24-ին հեղեղվել էին մեկ տասնյակից ավելի տներ, բացվել է, սակայն վնասված տները շարունակում են մնալ ոչ բնակելի վիճակում:

Արթիկցիներից Գոքոր Բիչախչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սելավատարի հունը բացելու աշխատանքները  նախօրեին են ավարտվել:

«Հունը բացել են, ջուրն այլեւս տունը չի լցվում, քարերը նույնպես մաքրել են, հիմա սպասում ենք, որ տունը չորանա, որովհետեւ ապրել չի լինի պատերի  խոնավությունից: Մի կերպ, ծերը ծերին պիտի հասցնենք, փոխհատուցված գումարով կարգի բերենք»,- ասաց նա:

Մինչ այդ Բիչախչյանները վարձով տանն են որոշել բնակվել:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները: Ջուրն ու դրա խիճը լցվել էր տներ, ամբողջությամբ վնասելով պատերը, տան գույքը: Արթիկցիների նկուղները մինչեւ հիմա ջրի մեջ են: Ջրալցվել է ոմանց անասնագոմը, անասունները՝ մեջը: Արթիկցիները մինչեւ 4 միլիոն դրամի փոխհատուցում են ստացել, որից դժգոհ են եւ համարում են, որ դրանով կրած վնասի կեսն էլ չեն կարող վերականգնել:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: