Արմավիրի մարզի տարբեր համայնքներում հուլիսի 10-ի երեկոյան եւ հաջորդ օրը վաղ առավոտյան տեղացած ուժեղ կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու համար ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
«Համայնքային հանձնաժողովները կուսումնասիրեն, արդյունքները կներկայացնեն մարզային հանձնաժողովին, որն էլ վերջնական թվերը կներկայացնի Կառավարությանը: Աշխատանքները հնարավորինս արագ կարվեն, սակայն ոչ որակի հաշվին»,- ասաց Արթուր Այվազյանը:
Ըստ մարզպետարանի աշխատակցի, նախնական տվյալներով, համայնքներում բերքը փչացել է 40-100 տոկոսով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ին տեղացած կարկուտից ամբողջությամբ վնասվել են Արագածոտնի, Արմավիրի մարզերի մի շարք գյուղերի ցանքատարածություններ, մրգատու այգիներ: Շուրջ 30 գյուղ է տուժել կարկուտից:





























