Այսօր Արեւելքը Եվրոպայի հետ կապող ամենահարմար ուղիները անցնում են մեր տարածաշրջանով. Եւ այդ ուղիներից մեկի մի փոքրիկ հատվածը կարող է կազմել Հայաստանը, մի հատվածը Ադրբեջանը, Թուրքիան: Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, ապրանքները տեղաշարժվում են այնտեղով, որտեղ ավելի անվտանգ է, այնտեղով, որտեղ քաղաքական հարցերը չեն խոչընդոտում տնտեսական հարցերին. «Շատ դեպքերում, իհարկե, տնտեսականը խառնվում է քաղաքականին, անվտանգության խնդիրները խառնվում են տնտեսականին, քաղաքականին եւ այլն: Այսինքն զուտ, մաքուր, բյուրեղյա, ստերիլ տնտեսական խնդիրներ չկան: Մենք, անշուշտ ուզում ենք, որ Հայաստանը դառնա տարանցիկ ճանապարհ եւ ոչ միայն ուզում ենք, այլեւ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ենք իրականացնում: Հիմա մենք իրականացնում ենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ծրագիրը՝ Վրաստանի հարավն ուզում ենք կապել Իրանի հյուսիսի հետ՝ Հյուսիս-Հարավ մայրուղով»,-ասել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այդ ծրագրի իրականացման դեպքում այդ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը կկրճատվի 2 անգամ, եւ Արեւելքից ապրանքները շատ արագ կհասնեն սեւծովյան նավահանգիստներ:
«Հավատացեք, Հայաստանում կամ գիտակցությունը, որ անկախ կրոնից համակեցությունը լավ ապրելու պայման է: Ի վերջո, բոլորս պիտի գիտակցեն, որ կրոնները սահման ունեն ինչ-որ չափով եւ տարբեր կրոնի պատկանող մարդիկ կամ ապրում են հարեւանությամբ, կամ իրար ներսում: Ծայրահեղականությունը, ցանկացած կրոնի ներկայացուցչի կողմից էլ լինի, միշտ վտանգավոր է հասարակության համար»,-ընդգծել է նա:




























