Գյուղնախարարությունը ոչ մի ահազանգ չունի, որ Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո գյուղմթերք արտահանող որեւէ ընկերություն վնասներ է կրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղնախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

«Այն մարդիկ, որոնք չեն կարողացել իրենց գյուղմթերքը հասցնել մոսկովյան շուկաներ, այն իրացրել են վրացական շուկայում»,- ասաց նա՝ նշելով, որ նախարարության տվյալների համաձայն՝ արտահանման ծավալները չեն պակասել, պարզապես արտահանումը մի փոքր դանդաղել է:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը տվայլներն այլ են: Նրա խոսքով՝ արտահանման ծավալներն ակնհայտորեն պակասել են, ինչը ազդել է նաեւ պետբյուջեի վրա:

«Պետք է արտահանողները ապրանքը տանեին, գային, նորից տանեին, բայց չեն կարողացել, արտահանման քանակը քիչ ստացվեց, թեկուզ որոշակի չափով: Իրենց սեփական մեքենայով արտահանում իրականցնողները, եթե պետք է հինգ օրում գնային ու գային ու նոր ռեյս կատարեին, հինգ օրում մի ռեյս անգամ չկատարեցին: Շատերն էլ, իմանալով, որ չեն կարողանա ապրանքը տեղ հասցնել, պարզապես արտահանում չարեցին այդ քանի օրերին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նախարարության տվյալների՝ Լարսի փակման ժամանակահատվածում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 220 բեռնատարներով բարձված 4 լաստանավ է «Փոթի» նավահանգստից ուղեւորվել դեպի  Նովոռոսիյսկ՝  տեղափոխելով ընդհանուր առմամբ 5150 տոննա գյուղմթերք:

Լաստանավերը վարձակալվել են մասնավոր ընկերությունների կողմից՝  1000 դոլար 20 հազար կգ-ի համար: Նախարարության պնդմամբ՝ տարբերությունը շատ չի կազմել եւ արտահանողները նախընտրել են լաստանավերով տեղափոխել բեռները:

Գագիկ Մակարյանը, սակայն, կարծում է՝ արտահանողները վնասներ կրել են՝ թե բարոյական, թե ֆինանսական: «Ապրանքը կամ թեկուզ մի մասը կարող էր վնասվել այդքան ժամանակ մնալուց: Օրինակ՝ կարող էին փչանալ մրգերը, որ պետք է հատուկ պայմաններում, սառնարաններում պահվեին: Բացի այդ՝ անցակետի փակվելու հետեւանքով արտահանողները ուշացրել են ապրանքը նախատեսվածից ու տույժեր ու տուգանքներ են ստիպված եղել մուծել: Բարոյական առումով էլ սպառողի համար հաճելի չէ ուշացնելը»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր  մինչեւ հուլիսի 6-ը, որից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան փակվում: