58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանի մասնակցությամբ ճանաչման քննչական գործողությունն է կատարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Տուժողի մայրն է մասնակցել գործողությանը: Մտնելով սենյակ՝ անեծքներ տվեց, ասաց՝ մարդասպաններ, սպանեցիք ու որեւէ մեկին մատնացույց չարեց»,- ասաց փաստաբանը:

Տուժող կողմի մեկնաբանությունը ստանալ չհաջողվեց: 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Նույն գործով կա կալանավորված եւս երեք քաղաքացի` Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը եւ Յուրի Հ-ն: