Կոտայքի մարզի Քասախ գյուղում հանձնաժողով է կազմվել՝ հաշվարկելու համար, թե գյուղացիներն ինչ վնասներ են կրել հուլիսի 10-ի հորդառատ անձրեւներից, որը լցվել էր նրանց տներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Հուլիսի 10-ին՝ ժամը 10.08-ին, Կոտայքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոն է զանգահարել Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանը եւ հայտնել, որ գիշերվա հորդառատ անձրեւների հետեւանքով ջուր է լցվել գյուղի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տուն եւ հարակից շինություններ: Ժամը 10.16-ին նույն խնդրով ՃԿԿ ահազանգել է նաեւ նշված տան բնակիչ Արտակ Արամյանը:
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են ջրահեռացման համար նախատեսված խցանված խողովակը` սելավաջրերի հոսքն ապահովելու համար, քանի որ հրշեջ մեքենաների պոմպերը նախատեսված չեն տիղմաջրի հեռացման համար:
Հրշեջ մեքենաների պոմպերը կիրառվում են գետերից, լճերից կամ այլ աղբյուրներից հրդեհաշիջման համար պիտանի ջուր վերցնելու եւ հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար:
Իրավիճակի պարզաբանման նպատակով հուլիսի 12-ին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղ է մեկնել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ոռոգման սելավաջուրը մոտ 1 մետր բարձրությամբ լցվել է Ա. Արամյանին պատկանող 96 քմ մակերեսով ավտոտնակը, իսկ մոտ 50 սմ բարձրությամբ տիղմ ու ցեխաջուր՝ 190 քմ մակերեսով խմորեղենի արտադրամասը: Շինությունները գտնվում են ցածրադիր տեղանքում, եւ առատ տեղումների հետեւանքով առաջացած սելավաջրերի ու տիղմի հոսքը բարձրադիր վայրերից իջնելով ողողել է նշված հասցեում գտնվող շինությունները:
Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանին, եւ վերջինիս կարգադրությամբ կազմվել է հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:





























