Երեւանի Արամի 9 հասցեում 1910 թ. կառուցված շենքը, որտեղ ժամանակին բնակվել է անվանի քաղաքական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանը, ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան:
Այս մասին նշված է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին ուղղված Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի պատասխանում:
«Ներկայումս կառույցը ներառված է «Հին Երեւան» համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում: Ըստ ծրագրի նախագծի նախատեսված է պահպանել եւ վերակառուցել գոյություն ունեցող շինությունը, որպես ընդհանուր համալիրի մաս:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, որպես 2014թ. դեկտեմբերի 2-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի հետ «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ՀՀ կառավարության կողմից ստորագրող կողմ, հետեւողական է լինելու շենքի պահպանման եւ վերակառուցման գործընթացներին: Միեւնույն ժամանակ հաշվի առնելով բազմաթիվ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների կողմից բազմիցս ներկայացված առաջարկությունները՝ վերոհիշյալ շենքում Արամ Մանուկյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված թանգարանային գոտի ստեղծելու մասին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետամուտ է լինելու ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատող ընկերությանը խնդիրը ներկայացնելու եւ իրագործելու հարցում»,-ասված է պատասխանում:




























