Այս տարվա հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երեւան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտին Փ.-ն վիճաբանության ընթացքում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության հիշյալ ծառայողի օրինական պահանջներին, բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում Մարտին Փ.-ն էլ, իր հերթին, հայտնել է, որ հիշյալ օրը վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողը հարվածներ է հասցրել իրեն:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը վերցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթից եւ հանձել ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: