Եթե չարաշահում է եղել, թող գտնեն մեղավորին, ոչ թե պատժեն անմեղին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով պետծառայողների սոցփաթեթից հանգստի բաղադրիչը հանելու կառավարության նախաձեռնությանը:
«Վերջին տարիների դրական փոփոխություններից մեկը հենց պետծառայողների սոցփաթեթն էր, որի կարիքը շատ-շատերն ունեն, ոչ միայն պետծառայողները: Փոխանակ այդ շրջանակը լայնացվի, փորձում են եղածը սահմանափակել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության նման որոշման պատճառը բյուջեի կատարողականն է. «Ինչով է մեղավոր պետծառայողը, որ ողջ տարին աշխատում է, ակնկալում է այդ աջակցությունը, եւ նրան զրկում են դրանից: Սա հնարավորություն էր, որ մարդիկ հանգստանան ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում: Ու հիմա զրկում են մի մեծ հատվածի հանգստի հնարավորությունից: Եթե ուսուցիչը չկարողանա հանգստանալ ամռանը, դրա հետեւանքը տեսնելու ենք դպրոցում, չհանգստացած մարդը ջղաձիգ է լինելու, օբյեկտիվ չի լինելու»:
Նա կոչ արեց կառավարությանը միջոցներ գտնել եւ չզրկել մարդկանց օգտվել սոցփաթեթից . «Եթե չարաշահում է եղել, թող գտնեն, ով է մեղավոր: Առաջին դեպքը չէ, երբ պատժվում է ոչ նա, ով մեղավոր է: Հույս ունեմ, որ որոշումը կվերանայվի: Երկրում կան միջոցներ, որոնք կարող են ուղղվել այդ նպատակին:
Նշենք, որ հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը. Խոսքը 2017-2019 թվականների մասին է, այսինքն 2016-ին այդ բաղադրիչը կպահպանվի:
Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է. «Ինչպես վարչապետը նշեց, ոչ թե այդ բաղադրիչը հանելու, այլ կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»:




























