Ռուսաստանը Հայաստանին պետք է էժան «վիլիսների» եւ այլ ռազմական տեխնիկայի համար։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասել է Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը։

Նրա խոսքով՝ մնացած դեպքերում Մոսկվայի վրա հույս դնել պետք չէ։ «Եթե Կրեմլը փոխզիջումներից է խոսում, ապա պետք է սպասել։ Պետք չէ առաջ վազել։ Դա նույնն է, թե նորածնին հաջող ամուսին եւ մեծ երջանկություն մաղթես։ Մեր երեխան դեռ օրորոցում է։ Իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը. նա, միգուցե, ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում։ Ռուսները մի նպատակ ունեն, այն է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ ՆԱՏՕ–ն ծավալվի դեպի Արեւելք։ Այս հարցում նրանք մեզ պետք են։ Եվ սպառազինությունների հարցում։ Իսկ թե ինչ են նրանք մտածում  մյուս հարցերի մասին, դժվար է ասել։ Այստեղ շատերի շահերն են բախվել՝ հայկական լոբբին, ադրբեջանականը եւ հրեականը»,– նշել է Վարդանովը։