ՀՀ Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը դժգոհ է ներքին տուրիզմից: «Ինքնաբուխ տուրիզմ չի կարող լինել: Այսօր հային անհրաժեշտ է մաքուր օդ շնչել: Ինչո՞ւ չկազմակերպեն տուրեր ու տանեն Ստեփանավան երկու օրով, որ մաքուր օդ շնչեն, սնվեն, վերադառնան: Նախկինում պարտադիր մարդ իր երեխային մի քանի անգամ տանում էր մաքուր օդ շնչելու մի որեւէ տեղ: Այսօր չեն անում, ներքին տուրիզմը զարգացած չէ»,- այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Մինասյանը` նշելով, որ եթե ներքին տուրիզմը զարգացած լինի, ապա հնարավոր կլինի հեշտորեն զարգացնել այլ ոլորտներ եւս:
Ռոբերտ Մինասյանը կարծում է` ներքին տուրիզմը զարգացնելը պետք է սկսել երեխաներից. «Դպրոցականներին տանում են ստամոքսի էքսկուրսիայի, բայց այդպես պետք է չլինի: Նա պետք է ճանաչի աշխարհը, իր երկիրը որ սիրի իր հայրենիքը»,- ասաց նա:
Տուրօպերատորների միության նախագահը նշեց, որ անհրաժեշտ է երեք տարվա ծրագիր կազմել տուրիզմի զարգացման, պետք է գովազդի վրա մեծ ուշադրություն դարձնել: Նրա խոսքով` պետք է գովազդել Հայաստանն այն երկրներում, որտեղից տուրիստներ կարող են գալ:
«Երկու երկրների հետ պետք է աշխատանք կատարենք` Ռուսաստանի եւ Պարսկաստանի: Մեզ պետք է կազմակերպված տուրիստը, որը գալիս է տուր օպերատորի միջոցով, նախապես վճարվում է այցի համար, մեր երկիրն այդպես կարող է շահույթ ստանալ»,- ասաց նա:
Ռոբերտ Մինասյանը նշեց, որ միեւնույն ժամանակ, պետք է Հայաստանում գովազդվի ներքին տուրիզմը:
«Փողոցում հաճախ տեսնում ենք դեպի Վրաստան տուրերի մասին գովազդներ: Իսկ որտե՞ղ ենք մենք գովազդում Հայաստանը, կա՞ արդյոք ներքին տուրիզմի գովազդ, չկա: Դրա համար մեծ աշխատանք է պետք տանել, ծրագիր է պետք կազմել»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանում լավ մասնագետների պակաս կա:




























