Հայաստանում պետծառայողների սոցփաթեթից հագնստի բաղադրիչը կասեցնելու դեպքում Սահմանադրության առաջին հոդվածն է ոտնահարվում, քանի որ այնտեղ նշված է, որ Հայաստանը նաեւ սոցիալական պետություն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով, փաստորեն, պետությունը հայտարարում է, որ իր կողմից ներդրված ջանքերը՝ իր քաղաքացիների սոցիալական երաշխիքների եւ նրանց բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում անզոր է:

Անդրադառնալով կառավարության այս նախաձեռնությանը, փաստաբանը նշեց, որ դա ավելի շատ ավելի քաղաքական, պետական եւ իշխանական ծրագրային խնդիր է, քան իրավական:

«Ավելի շատ հասարակությունը պետք է կառավարությանը պահանջ ներկայացնի, այլ ոչ թե իրավական ճանապարհով հասնի փաթեթի տրամադրմանը: Իրավական ապահովման երաշխիքները ՀՀ օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված եւ երաշխավորված չէ, եւ որքան էլ գործադուլ անելու իրավունքը սահմանադրությամբ է դրված, բայց երաշխիք չէ, որ գործադուլ անելով՝ հասարակությունը կարող է իրավունքի իրացման այդ ճանապարհով հասնել հաջողության»,-ասաց նա:

Նորիկյանի խոսքով, մեծագույն բլեֆ է, թե պատճառը չարաշահումներն են: «Բյուջեում փող չկա, եւ այսպիսի պատրվակով կառավարությունը փորձում է հրաժարվել ծրագրից, ինչն անհասկանալի է՝ նախընտրական տարում սկսում է այնպիսի գործընթաց, որով 100 հազար մարդու զրկում է այս ծրագրից օգտվելու հնարավորությունից, այն դեպքում, երբ այդ մարդիկ են հենց ապահովում իշխանության վերարտադրությունը:

Իշխանությունը, եթե գնում է նման քայլի, ուրեմն կամ կամիկաձե է, կամ էլ մսխումն այնպիսի աղետալի չափերի է հասել, որ հայտարարում են ծրագրի տապալման մասին»,-ասաց նա ու հավելեց. «Թող կառավարությունն անկեղծ լինի եւ պատասխանի, թե որքան է կազմել չարաշահումների ծավալը, ովքեր են իրականացրել դրանք, արդյոք չարաշահումները համակարգված բնույթ են կրել, չեն պարունակում կոռուպցիոն մեխանիզմներ, ովքեր են այդ «հերոսները», որոնք կանգնած են այդ չարաշահումների գլխին»:

Նշենք, որ հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը. Խոսքը 2017-2019 թվականների մասին է, այսինքն 2016-ին այդ բաղադրիչը կպահպանվի: 

Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է. «Ինչպես վարչապետը նշեց, ոչ թե այդ բաղադրիչը հանելու, այլ կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»: