Իշխանության դաշտում կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո համախմբվում են ուժերը, մինչդեռ ընդդիմադիր հատվածում շարունակական տրոհում է ընթանում: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարճաժամկետ առումով քաղաքական տեսանկյունից հնարավոր է` տրոհումը ձեռնտու է իշխանություններին, այսինքն որքան ավելի փոքր լինեն դիմացի քաղաքական ուժերը, այնքան ձեռնտու է: Սակայն քաղաքացիական եւ ռազմավարական տեսանկյունից շատ սխալ է պետության համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ կուսակցության փոխնախագահի` կան առողջ քաղաքական ծիլեր եւ կուսակցություններ, որոնք սակայն չեն կարողանում խոշորանալ եւ շատ հաճախ պայքար են մղում ներսում, քան իշխանական ուժերի դեմ. «Առաջիկայում ՀՀԿ-ի ծանրակշիռ ազդեցությունը ես կասկածի տակ չեմ դնում` ելնելով մեր ունեցած ռեսուրսից եւ կուսակցությունների փոփոխությունների ծրագրից:  Սակայն մենք չենք ուզում ունենալ իշխանություն, որ կձեւավորի կառավարելի, իրեն հարմար ընդդիմություն»: