Քանի անգամ են Հայաստանի համաձայնագրեր «կերցրել»՝ ասելով, թե դա Հայաստանի համար լավագույն տարբերակն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ ռուսաստանի միջեւ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման համաձայնագրին:
«Մինչ այդ էլ մենք անընդհատ լսեցինք, որ ԵՏՄ-ն մեր ծաղկման գրավականն է, եւ կունենանք բազմաքանակ շուկաներ: Որեւէ մեկը չպատասխանեց այդ «սուտ» հաղորդման համար: Հաջորդը, երբ մեզ ասացին, որ ՀԱՊԿ-ն մեր անվտանգության հավաքական երաշխավորն է, էլի ասացին, որ մենք այլ տարբերակ չունենք: Եթե նման բան են հայտարարում, այն մարդիկ, որոնք մի քանի անգամ տապալվում են, պիտի ասեն՝ մենք տապալվեցինք, եթե դուք կարող եք, ավելի լավն արեք: Բայց նրանք ոչ լծակներն են բաց թողնում, ոչ էլ իշխանությունը:
Տեսեք, թե քանի ծրագիր կա մարած: Այդ ծրագրերը սկսում են կյանքի կոչվել այն ժամանակ, երբ տեսնում են, որ Հայաստանի նկատմամբ լծակները թուլացել է, ձգելու տեղ կա»,-ասաց նա:
Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ այդ ՀՕՊ համաձայնագրով Հայաստանի երկինքը շուտով կդառնա ոչ այնքան պատերազմական գործողությունների խնդիր, որքան Հայաստանը կոմերցիոն առումով խեղդելու տարբերակ. «Երբ ես ասացի, որ ՀՕՊ-ի ծրագիրը հենց առաջին հերթին Հայաստանի կոմերցիոն պրոյեկտը խեղդելու փորձ է, անմիջապես Լարսի թեման բարձրացավ, որը չի վերականգնվում»:
«Ես տեսնում եմ Հայաստանի վերջնական ապագան ՆԱՏՕ-ում, բայց ՆԱՏՕ-ն պահանջում է տեխնիկական վերազինվածություն, պահանջում է կանխատեսելի քաղաքական ղեկավարում: Հայաստանն այդ ամենը չունի:
Այսինքն եթե Հայաստանը դառնա ոչ կոռումպացված, եթե դառնա քաղաքականապես ճիշտ վարույթով երկիր, իհարկե, նրա հավաքական անվտանգության երաշխավորը միմիայն ՆԱՏՕ-ն է, բայց մինչեւ ՆԱՏՕ պիտի աճել ու հասունանալ»,-ընդգծեց նա:




























