Ադրբեջանական լրատվամիջոցներում նախօրեին տեղեկություններ հայտնվեցին սեփական անօդաչու սարքերը ստեղծելու մասին, ինչը երկու նպատակ է հետապնդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Նրա խոսքով, նախ՝ Բաքուն ցանկանում է հանրության «աչքին թոզ փչել»՝ ռազմարդյունաբերական համալիրի բուռն զարգացման տպավորություն ստեղծելով եւ ակնարկելով, որ այնտեղ, որտեղ նախկինում 10 դրոն կար, հիմա 100-ը կլինի: «Բոլորին է հայտնի, որ անօդաչու թռչող սարքերը թանկ հաճույք են»,- նշեց փորձագետը՝ հավելելով, սակայն, որ այս տարբերակը ճշմարտանման չէ:

«Ավելի հավանական է այն տարբերակը, որ Իսրայելը պարզապես հրաժարվել է Ադրբեջանին հարձակողական դրոն վաճառել: Իրավիճակը շատ հետաքրքիր է, քանի որ այս դեպքում մեսիջ է ուղարկվում ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իսրայելին»,- նշեց փորձագետը:

Ընդհանուր առմամբ, Արկադի Գրիգորյանի կարծիքով, կրկին փաստվում է, որ ադրբեջանցիները, հիացած դրոնների օգտագործման արդյունքներից, շեշտը դնում են սպառազինության վրա՝ անտեսելով մարդկային գործոնը: «Թող շարունակեն մտածել, որ զենքն իրենց փոխարեն կկռվի»,- նշեց Արկադի Գրիգորյանը: