Հայաստանն ԱԱՀ-ի վերադարձի ավելի լիբերալ միջոցներ են կիրառվում, քան Եվրասիական միության մնացյալ տարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը:
Նրա խոսքով, Եվրասիական միության մյուս երկրների հետ առեւտուր իրականացնող հայկական ընկերություններն ու սուբյեկտները պետք է հիշեն, թե ինչպես կարող են ԱԱՀ-ն հետ ստանալ իրենց հանրապետությունում: Նրանց հարկավոր է գործակալի ծանուցումն այն մասին, որ ԱԱՀ-ն արդեն վճարել են իրենց երկրում:
«Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, մասնավորապես՝ նախարար Տիմուր Սուլեյմենովը, հայ գործարարների հետ հանդիպմանը նշեցին, որ ապրանքների եւ ծառայությունների մատակաարման մասին պայմանագրերում տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն ներառել, որ գործընկերը պարտավոր է իրենց տուգանք վճարել, եթե ծանուցումը ժամանակին չի ստացվել: Նախարար Սուլեյմենովը հանձնարարեց, որպեսզի այդ առիթով պարզաբանումներով հատուկ նամակ կազմվի: Դա շատ կօգնի ԵՏՄ այլ երկրների հետ առեւտրով զբաղվող մեր ընկերություններին»,- նշեց Չիլինգարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի հարկային մարմինները գանձումը սկսում են ոչ թե նման գործարքից հետո առաջին, այլ 181-րդ օրը (եթե տնտեսվարող սուբյեկտը 180-օրյա ժամկետում ԵՏՄ մյուս պետությունից չի ստացել ծանուցումը եւ ինքն էլ գործարքից ԱԱՀ չի վճարել): «Այսպիսով, մեր մոտեցումն ավելի լիբերալ է»,- նկատեց Ահարոն Չիլինգարյանը:




























