Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման սարքերի տեղակայման համար միայն համանախագահող երկրների հայտարարությունը բավարար չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով, մեր այն հարցին, թե ինչու կյանքի չի կոչվում Վիեննայի հանդիպման ժամանակ ձեռք բերված այդ համաձայնությունը:
«Մշտադիտարկման սարքերի տեղակայման համար միայն համանախագահող երկրների հայտարարությունը բավարար չէ։ Պետք է լինի նաեւ ադրբեջանական կողմի համաձայնությունը, որը դեռեւս չի տվել, այդ իսկ պատճառով դա կյանքի չի կոչվում»,-ասաց Սամվել Նիկոյանը։
Նշենք, որ դեռեւս հունիսի սկզբին Վիեննայում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ ձեռք էին բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ պայմանավորվածություն, սակայն դեռեւս որեւէ քայլ չի արվել:
«Արեւմուտքը ներկայացնող համանախագահող երկրների կողմից էր այդ առաջարկը՝ սարքերի տեղադրման եւ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման ու խորացման հարցը։ Հստակ հայտարարություն եղավ այդ ուղղությամբ քայլեր կատարելու մասին։ Որպեսզի այն կյանքի կոչվի, համանախագահող երկրները պետք է կտրուկ քայլերի դիմեն, որպեսզի կյանքի կոչվեն։ Կյանքը ցույց է տալիս, որ դեռ այդ մանդատը չունեն, որ այդ հարցում պարտադրեն։ Այս խնդիրը դեռեւս մնում է ցանկությունների առաջարկների, մակարդակում»,-նշեց Նիկոյանը։
Հիշեցնենք, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ «Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձանել են շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։




























