Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կազանյան փաստաթուղթ այլեւս չի լինի, եթե որեւիցէ փաստաթուղթ լինի, ապա ավելի լավը կլինի, քան կազանյան փաստաթուղթը։ NEWS.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։

«Եթե լինի որեւէ փաստաթուղթ, հանրությունը դա առաջինը կիմանա, որեւէ մեկը չի պատրաստվում առանց հանրության տեսակետի գնալ խնդիր լուծման, մեր ժողովուրդը պետք է որոշի՝ ինչ կլինի։ Կազանյան փաստաթուղթ այլեւս չի լինի, եթե որեւիցէ փաստաթուղթ լինի, ավելի լավը կլինի, քան կազանյան փաստաթուղթը»,– ասաց նա։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչ փաստաթուղթ է լինելու, ինչի հիման վրա եւ ինչով է ավելի լավը լինելու, Նիկոյանը պատասխանեց․ 

«Ես մթնոլորտից կարող եմ կռահել, որ հիմա մթնոլորտը այնպիսին է, որ եթե որեւէ փաստաթուղթ լինի, ապա ավելի լավը կլինի, քան կազանյանը։ Ապրիլյան պատերազմից հետո ինչ իրավիճակ որ առաջացել է, ես դրանից կարող եմ մտածել կամ ենթադրել, որ շատ ավելի լավ փաստաթուղթ պիտի լինի, քան կազանյանը։ Երբ կլինի փաստաթուղթը, կհրապարակվի, նոր կխոսենք, չեղած բանի մասին չեմ ուզում խոսել»,-ասաց Նիկոյանը։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել ապրիլյան պատերազմից հետո, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ սպասելիք փաստաթուղթը իր իսկ բնութագրմամբ՝ ավելի լավն է լինելու, առավել եւս, որ Հայաստանի տնտեսական վիճակը չի փոխվել, Նիկոյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհը, այդ թվում ՝ նաեւ համանախագահող երկրները եւ հիմնականում Ադրբեջանը, իր բանակն ու ժողովուրդը հասկացան մի բան, որ չեն կարող ռազմական ճանապարհով լուծել խնդիրը։ Այո, գործողությունների ու մթնոլորտի տրամաբանությունը այնպիսին է, որ այն ավելի դրական փաստաթուղթ է լինելու, քան կազանյանը։ Աստված տա՝ լինի փաստաթուղթը, համաձայնագիր լինի, եւ մենք կկարողանանք հասնել այդ նպատակին»։

Թե երբ  ի հայտ կգա այդ փաստաթուղթը, եւ որքանով են դրան նպաստել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի Սարգսյան-Ալիեւ հանդիպումները, պատգամավորը դժվարացավ պատասխանել։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում տարածքները զիջելու մասին խոսակցությունների ակտիվացմանը, Նիկոյանն ասաց․ «Չի կարող լինել տարածքային զիջում հենց այնպես։ Այսինքն, եթե ճանաչում են Արցախի ինքնիշխանությունը, արդեն կարող է խոսք լինել  դրա բաղկացուցիչ մասերի մասին։ Բայց հիմա, որ քննարկում, խոսում են զիջումների  հավանականության մասին, չի կարող նման բան լինել։ Հստակ է մի բան, որ եթե  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ձեռնտու տարբերակ չլինի, ոչ մեկ չի կարող մեզ պարտադրել որեւէ լուծում, ինչպես նշում են որոշ մեկնաբաններ՝ ճնշման կամ պարտադրանքի ձեւով,  հայկական կողմը որեւէ պայմանավորվածությունների չի գնա, միանշանակ»,-ամփոփեց Նիկոյանը։