Իրենց աշխատավարձերի տույժ տուգանքները պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դատարան են դիմում՝ պահանջելով չեղարկել պայմանագրերը, ըստ որոնց աշխատավարձերը ստանալիս հարկադրված են եղել հրաժարվել դրանք ուշացնելու համար սահմանված տուգանքներից:
«Խաբել են մեզ, մեր վիճակից օգտվելով նման պայմանագիր են դեմ տվել: Մենք ստորագրությունների հենց 3-րդ օրը դիմել ենք նախարարություն, որ համաձայն չենք նման պայմանագրի, բայց ոչ մի պատասխան չէր եղել: Հետո դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին երկու անգամ, երկար ժամանակ հետո մեզ պատասխան եկավ, որ կարող ենք բողոքարկել դատական կարգով: Ու հիմա դիմում ենք դատարան, որ չեղարկեն այդ պայմանագիրը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
Դատարան դիմելու գործընթացը կսկսվի երկուշաբթի օրվանից: Առայժմ հայց կներկայացնի նաիրատցիների մի փոքր խումբ:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները տարիների համառ պայքարից հետո նախորդ տարի ստացան իրենց աշխատավարձերը:




























