Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության վրա հայկական կողմը որեւէ կերպ չի կարող ազդել: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Եթե մի բանի վրա չենք կարող ազդել, պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Մենք ունենք մեծ պոտենցիալ Հայաստանում զենք արտադրելու, հետեւաբար, հայկական կողմը հենց այդ ուղղությամբ պետք է աշխատի»,-ասաց պատգամավորը:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` եթե Ռուսաստանն Ադրբեջանին բարեկամ է համարում, ոչինչ անել չենք կարող:

Մինչդեռ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համոզված է, որ մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել, կարող ենք ունենալ ռազմաարդյունաբերական համալիր, արտադրել մրցունակ զենք, որի առաջին նախապայմանն է քաղաքական իշխանության ներկայությունը:

«Մեր իշխանությունները անում են այն, ինչ թույլ է տալիս իրենց անձնական պոտենցիալը: Մինչդեռ մենք պետք է գործենք որպես պետություն, որի համար առաջնայինը սեփական շահերն են, իսկ ՀԱՊԿ-ն մեր շահերին չի համապատասխանում»,- նշեց Ազատ Արշակյանը:

Նախկին պատգամավորի խոսքով` Ռուսաստանը Հայաստանին լիարժեք գործընկեր չի համարում, իսկ Ադրբեջանի նկատմամբ ունի պարտավորվածություններ, պայմանագրեր. «Թշնամուն զենք վաճառելով` Ռուսաստանն արյունով թաթախում է իր հացը»:

Լյուդմիլա Սարգայանը հակադարձեց, թե Ազատ Արշակյանը փորձում է ատելություն քարոզել Ռուսաստանի դեմ:

«Ռուսաստանն այստեղ մեծ ազդեցություն ունի, իսկ ԱՄՆ-ն փորձում է վերացնել այդ ազդեցությունը: Սակայն ես ինձ ապահով եմ զգում, որ հայ- թուրքական սահմանը պաշտպանում է ռուսական 102-րդ: Մի բան ասեմ. ոչ ոք մեր բարեկամը չէ, ամեն մեկն իր ծրագրերն ունի: Ես դեմ եմ, որ Ռուսաստանն այստեղից հեռանա եւ գան ամերիկյան զորքերը, քանի որ ՌԴ-ն շատ մոտ է, իսկ ԱՄՆ-ն` շատ հեռու»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը` կրկին վստահեցնելով, որ բարեկամներ չկան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել զենք- զինամթերք վաճառել Ադրբեջանին: