ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում որոշել է ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից 3600 եվրո հատկացնել Արդարադատության նախարարությանը՝ ՄԻԵԴ-ում «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի կատարման համար:

Որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրել է արդարադարտության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ այդմ, որոշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016-ի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը 2016-ի 9 ամսում հատկացնել 3 600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշենք, որ այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի օգոստոսի 25-ն է: