Ապրիլյան իրադարձությունները բացասական լուրջ ազդեցություն չեն թողել ներգնա տուրիզմի վրա: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրյանը:

«Նախապես ամրագրված տուրերով տուրիստները եկել են ժամանակին, ոչ մի մերժում չի եղել: Անգամ ապրիլյան օրերից անմիջապես հետո մենք ունեինք նախատեսված այց դեպի Արցախ, Անգլիայից խումբ էր, ուղղությունը չփոխեցին, դեսպանատունն էլ ոչ մի խոչընդոտ չտեսավ խմբի Արցախ գնալու մեջ»,- ասաց նա:

Մարինե Կպրյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերությունները նույնպես էական ազդեցություն չունեցան Հայաստանի ներգնա տուրիզմի վրա, քանի որ Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների համար կարող էր այլընտրանք լինել այլ` ծով ունեցող երկիր. «Ասել, որ չեն գնում Թուրքիա, թող գան Հայաստան, հեռու է իրականությունից»:

Մարինե Կպրյանը նշեց, որ գովազդի պակաս կա:

«Մենք մեծ պակաս ունենք մեր պրոդուկտները ներկայացնելու: Եվրոպական երկրները քիչ թե շատ ճանաչում են Հայաստանը որպես տուրիստական երկիր, պետք է հայացքը գցենք ասիական երկրներ վրա, որոնք շատ քիչ տեղեկություն ունեն Հայաստանից եւ հենց Ռուսաստանի վրա, քանի որ թեեւ հիմա աճ կա տարիներ առաջվա համեմատ, բայց դա բավարար չի, կարող է լինել մի քանի անգամ ավելի մեծ աճ` հաշվի առնելով, որ ռուս զբոսաշրջիկները չունեն վիզայի, լեզվի խնդիր»,- ասաց նա` նշելով, որ նախորդ տարի ներգնա տուրիզմի անկում էր արձանագրվել: