Ղարաբաղյան հարցը շատ շուտ չի լուծվելու, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն հակադիր կարծիքներ: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ոչ մի գերտերություն չի կարող արցախցուն պարտադրել ապրել Ադրբեջանի կազմում: Այդ մասին նաեւ նախագահն է շատ հստակ հայտարարել»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` Ռուսաստանն ուզում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում. ոչ հայամետ է, ոչ ադրբեջանամետ. «Մեզ դուր չի գալիս Ռուսաստանի մեղմ քաղաքականությունը, նույն Ուկրաինային, Վրաստանին էլ դուր չի գալիս ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը: Այստեղ մենք մեր շահը պետք է տեսնենք եւ ի ուրախություն մեզ, մեր արտաքին քաղաքականությունը միայն պրոռուսական չէ եւ զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց հետ հնարավոր են»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայտարարությանը, թե իրենք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, Լեռնիկ Ալեքսանյանը հորդորեց չմոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, որը չենք կարող ասել Ադրբեջանի դեպքում:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, սակայն, համոզված է, որ այս հայտարարությամբ Ադրբեջանն ու Ռուսաստանը կողմնակից են Ղարաբաղյան հարցի ռազմական լուծմանը. «Երբ ՆԱՏՕ-ն գնում էր միջազգային կայունության, Ռուսաստանը գնաց Ադրբեջան եւ հայտարարեց, որ իրենք խնդրի լուծում են տեսնում եւ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: Թե ինչպես են տեսնում Ղարաբաղյան հարցի լուծումը, մեզ համար դեռ անհասկանալի է, բայց թերեւս դա ռազմական ճանապարհն է»:
Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե զենք վաճառվում է տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու համար:
«Բալանսը խախտված է հօգուտ Ադրբեջանի: Ռուսաստանն ուզում է, որ պատերազմ լինի, որ հաղթի ադրբեջանական կողմը, իսկ մենք խնդրենք, որ ռուսական զորքը մտնի Հայաստան: 25 տարի Ադրբեջանը զինվել է մինչեւ ատամները, Հայաստանն այս ընթացքում հասցրել է ստեղծել կոռումպացված պետություն, խորացրել ենք մեր հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ»,- արձագանքեց Աղասի Ենոքյանը` նշելով, որ սա ռուս- ադրբեջանական ագրեսիա է:




























