Առաջիկա ՏԻՄ ընտրությունները հնարավորություն կտան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նորաստեղծ կուսակցություններին քիչ թե շատ հայտնի դառնալ հասարակությանը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Վերջին երկու ամսվա ընթացքում կուսակցություններ են ստեղծվել, որոնց բոլորի անունները չեմ հիշում: Այս ընտրություններին մասնակցելով` այդ անհայտ քաղաքական ուժերը հնարավորություն կունենան հայտնի դառնալ հասարակությանը»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նշենք, որ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում Վանաձորում եւ Գյումրիում հոկտեմբերին կայանալիք ընտրություններն են, որոնց մասնակցելու իրենց ցանկության մասին արդեն իսկ հայտարարել են նորաստեղծ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «ԳԱԼԱ» կուսակցությունները: ՀՀԿ-ն դաշինք է կազմել Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի կուսակցությունների հետ: Թե ինչու հենց նրանց հետ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, թե այլ կուսակցություններից առաջարկներ չեն ստացել:

Հիշեցնենք, որ Գյումրիում ՀՀԿ-ն սատարելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: