Բուժստուգումը պետական աշխատողների համար սոցփաթեթն ավելի արդյունավետ կդարձնի: Այդ մասին հուլիսի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մենք առողջապահության նոր մշակույթ ենք ներդրել: Տարին մեկ անգամ անհրաժեշտ է հետազոտվել. դա ամենաճիշտ պրակտիկան է: Այստեղ որպես օրինակ կծառայեն պետաշխատողները: Միայն այն բանից հետո, երբ նրանք ստուգում կանցնեն, նրանց մոտ կակտիվանա մնացած ամբողջ սոցփաթեթը», - հիշեցրել է նախարարը:
Ինչ վերաբերում է ապահովագրական վճարներին, դրանց կազմակերպումը, նշել է նախարարը, մշտական բարեփոխումներ է պահանջում: Անհրաժեշտ է բարձրացնել այդ մեխանիզմի արդյունավետությունը: Պետք չէ մոռանալ, որ բնակչության 24 խմբի համար փոխհատուցվում են մի շարք բժշկական ծառայությունները: Այդ խմբերի մեջ են մտնում սոցփաթեթներից օգտվողները, հավելել է նա:
Բացի այդ, բնակչության լայն շերտերի համար անվճար է ծննդօգնությունը, դիալիզը եւ մի շարք այլ ծառայություններ: Այդ ամենը միասին մեծ ռեսուրսներ է պահանջում, որոնք պատշաճ չափով տրամադրվում են, հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողներին հատկացվում է 2012 թվականից, տարեկան 132 հազար դրամ չափով (ընթացիկ փոխարժեքով մոտ 280 դոլար): Դրանից 52 հազարը պարտադիր վերցվում է ապահովագրական պոլիսի համար (իր եւ ընտանիքի համար, տվյալ դեպքում` ամուսնուն/կնոջը եւ մինչեւ 27 տարեկան երեխաներին), մնացածը կարելի էր ծախսել հիպոթեքային վարկի համար (սեփական), ուսման վարձի կամ հանգստի (իր եւ ընտանիքի): 2015 թվականից պարտադիր բժշկական բաղադրիչին եւս 8 հազար է հավելվել (ախտորոշման համար): Ազատ գումար մնացել է 72 հազարի չափով:




























