Դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից դրամահավաքության եւ խոշտանգումների մասին ահազանգով ծառայողական քննություն չի կատարվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նշանակվել էր միայն ուսումնասիրություն, որի շրջանակում դատապարտյալը, որը հանդես էր լրագրողներին ուղղված եկել բաց նամակով, չէր ցանկացել բացատրություն տալ, այդ պատճառով դրան ընթացք չէր տրվել:
«Քրեակատարողական վարչության պետի հանձնարարությամբ ուսումնասիրություն է կատարվել, ներքին անվտանգության աշխատակիցները գնացել են կալանավորի մոտ մանրամասն բացատրություն վերցնելու, հրաժարվել է»,- ասաց Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակում այլ բան նախատեսված չէ, հայտարարությամբ պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը կամ այլ պատկան մարմին:
Հիշեցնենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը բաց նամակում ահազանգել էր ՔԿՀ-ում խոշտանգումների ու ապօրինի դրամահավաքների մասին՝ նշելով կոնկրետ անուններ: նա նշել էր, որ երկու տարի է՝ ոչ կարողանում է խոսել, ոչ քայլել: Դատապարտյալն ասել էր, որ իրեն մտածված չեն տանում բուժման, որ չբացահայտվի, «մառալնի սովամահ են անում»:
Դատապարտյալը նաեւ ահազանգել էր դրամահավաքության մասին:
«Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվե: Պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել էր նա:
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողներին ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել խցում այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանը պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:





























