ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք միությունը» նույնպես Գյումրիի ընտրություններում կպաշտպանի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Այս առնչությամբ ՍԻՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել նախագահության նիստ, որտեղ քննարկվել է Գյումրի քաղաքում  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  ՍԻՄ մասնակցության  հարցը:

ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը  ներկայացրել է կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը:

Քննարկումների արդյունքում ՍԻՄ նախագահությունը որոշել է` Գյումրի քաղաքում  քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել` որպես քաղաքապետի թեկնածու պաշտպանելով ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը` ընդգրկվելով Ս.Բալասանյանի շուրջ կազմավորվող քաղաքական դաշինքի կազմում: Միաժամանակ դաշինքի կազմում ակտիվորեն մասնակցել նախընտրական աշխատանքներին:

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետին սատարում է իշխող ՀՀԿ-ն, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն եւ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը»:

Սամվել Բալասանյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, ապա անդամագրվել ԲՀԿ-ին, իսկ հիմա ՀՀԿ-ի թեկնածուն է, որին չի սատարում ԲՀԿ-ն: