Աժ Էթիկայի հանձնաժողովն այսօր դռնփակ նիստում  քննարկել ու կասեցրել է «Անալիտիկ» կայքի ղեկավար Անի Հովհաննիսյանի նախկին փաստաբան Սուսաննա Սարգսյանի բողոքն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում հայտարարել է Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը։

Նշենք, որ Սուսաննա Սարգսյանը հանձնաժողովից պահանջում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին: Այսօրվա էթիկայի հանձնաժողովին ներկա էր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, պատգամավորներ Թեւան Պողոսյանը,  Սուքիաս Ավետիսյանը եւ Լյովա Խաչատրյանը:

«Ստացվել է դիմում Սուսաննա Սարգսյանից առ այն, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր պաշտպանյալների հետ կապված գործունեության առնչությամբ թույլ է տվել ըստ Ս. Սարգսյանի անհարգալից արտահայտություններ, եւ մենք քննարկում  էինք այդ խնդիրը: Մենք փաստել ենք, որ Տիգրան Ուրիխանյանի խոսքերը, որը նաեւ նշել է դիմումատուն, ուղղված չեն եղել որեւէ անձի, կոնկրետ անձ այդ թվում եւ Ս. Սարգսյանը այդ խոսքերի հասցեատերը չեն»,- ասաց Խ. Հարությունյանը։

Նա նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե որեւէ գործ  գտնվում է նախաքննության փուլում, ապա իրենք կասեցնում են, հետեւաբար այս դիմումը եւս կասեցվում է, մինչեւ դատական գործընթացի ավարտը: