Հայ հասարակությունը մատների արանքով է նայում կանանց նկատմամբ բռնարարքներին, եւ կրթամշակութային այս վերաբերմունքը տեղափոխվում է դատարաններ, իսկ դատաիրավական համակարգի սխալները հանգեցնում են նրան, որ բռնությունը կրկնվում է եւ շատ ավելի դաժան դրսեւորում ստանում: Այս մասին «Նոր զարգացումներ կացնահարված ընտանիքի դեպքից. իրավապաշտպանների հետագա գործողությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, վերջին 3 տարում կա ընտանեկան բռնության հետեւանքով մահվան 35 դեպք, որից 5-ը՝ այս տարում:
Անդրադառնալով Շենգավիթում կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարելու դեպքին, Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ այն մոտեցումը, թե կինը մեղավոր է, որ դրդել է տղամարդուն, կամ պնդումը, որ աֆեկտի տակ է սպանություն գործել, լրիվ ուղղորդված մոտեցում է։ «Երբ մենք իրենց բնակարանի մոտ մոմավառություն էինք անում, հարեւաններն էլ էին ասում, որ դրդել են, դրա համար էլ սպանել է: Մենք գործ ունենք մշակութային հենքի հետ, որը սահուն տեղափոխվում է դատաիրավական համակարգ»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ տարօրինակ է նաեւ, որ ոստիկանությունը նույն կարծիքն է արտահայտում, ասելով, որ 8 անգամ նախապատրաստել ենք նյութեր այդ ընտանիքի անհաշտության վերաբերյալ. «Երբ հետաքրքրվում ենք, թե ինչ նյութեր են դրանք, պարզվում է 4 անգամ Վլադիկի կողմից հարձակում է եղել ընտանիքի նկատմամբ: Երկու անգամ Վլադիկն է հաղորդել, որ իր հանդեպ բռնություն է տեղի ունեցել, բայց երբ դիտարկում ես այդ նյութերը, դուրս է գալիս, որ ինքնապաշտպանություն է տեղի ունեցել»:
Իր հերթին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն անդրադառնալով այն փաստին, որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր էր ճանաչել բռնարարքներ կատարելու մեջ, սակայն նրան պայմանական ազատազրկման էր դատապարտել, ասաց, որ այս գործով տեղի է ունեցել ակնհայտ եւ շատ կոպիտ դատական սխալ, դատական օրենսգրքի նորմի խախտում:
«Այս աստիճանի ակնհայտ կոպիտ սխալ թույլ տված դատավորն անհամատեղելի է դատավորի պաշտոնին եւ պետք է դադարեցնի իր լիազորությունները: Մեր իրավաբանները դիմում են պատրաստում արդարադատության նախարարին եւ դատարանների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նելլի Բաղդասարյանի եւ վերաքննիչ դատարանի երեք դատավորների նկատմամբ, որոնք պատասխանատու են: Խոսքը դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Արշակ Խաչատրյանի եւ Սեւակ Համբարձումյանի մասին է»,-ասաց նա:
Լուսինե Հակոբյանի խոսքով, այդ երկու մարմինները եթե միջնորդությամբ դիմեն Արդարադատության խորհուրդ, վերջինս պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկի այդ դատավորներին: Բացի այդ, Արդարադատության խորհուրդը պետք է դիմի ՀՀ նախագահին՝ որպեսզի դադարեցվեն նրանց լիազորությունները:
«Դատավոր Նելլի Բաղդասարյանի վերաբերյալ սա մեր հստակ դիրքորոշումն է հաշվի առնելով նաեւ Վարդգես Գասպարիի դատավարությունը: Այս տարվա սկզբին նա կալանքի որոշում էր կայացրել Վարդգես Գասպարիի համար միայն այն բանի համար, որ Գասպարին հայտարարել էր, որ դատական նիստերը ծաղր են եւ հրաժարվել էր մասնակցել նիստերին: Նելլի Բաղդասարյանը հենց այդպես էլ հայտարարել էր, որ կալանքի որոշում կայացնում է, որպեսզի ապահովի նրա ներկայությունը նիստերին: Սա կոպիտ խախտում է»,-ասաց Հակոբյանը:
Նշենք, որ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Ընտանիքին կացնահարելու մեջ մեղադրվողը Թագուհու նախկին ամուսինն է: Նա ոստիկանությունում ընդունել է, որ ինքն է կատարել արարքը, ասել է, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին:




























