Հայտնի է, որ Հայաստանի Կենտրոնական բանկի ավանդական նպատակներից մեկը երկրում դոլարայնացման մակարդակը նվազեցնելն է, այդ թվում՝ բանկերի ավանդներում: Այդ նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացվել: Դրանցից մեկն էլ դրամով եւ արտարժույթով ավանդների տարեկան տոկոսադրույքներում հսկայական տարբերությունն է: Դա պետք է ավանդատուներին խթաներ խնայողությունները հայրենական արժույթով պահել:
Չորս տարի առաջ ենթադրվում էր, որ հայրենական արժույթով ավանդների թիվը կաճի 30%-ով, իսկ արտարժույթով ավանդներինը՝ շուրջ 13%-ով: Այսինքն՝ խնայողություններում դոլարայնացման մակարդակը պետք է նվազեր:
Մայիսի դրությամբ՝ երկու տարվա ընթացքում երկրի բանկերում բնակչության ավանդներն աճել են 21.6%-ով, այդ թվում դրամով՝ 9.0%-ով, արտարժույթով՝ 26.8%-ով: Արդյունքում արտարժույթով ավանդների տեսակարար կշիռն աճել է 3.2 տոկոսային կետով՝ հասնելով 71%-ի:
Հաշվի առնենք, որ արտարժույթով ավադների գումարը պաշտոնական տեղեկատվության մեջ ներկայացվում է դրամով: Եթե հակառակ վերահաշվարկ կատարենք, ԱՄՆ դոլարով պատկերը որոշակիորեն փոխվում է՝ այս արժույթի ամրապնդման պատճառով:
Այս հաշվարկը որոշակիորեն պայմանական է, քանի որ մեր երկրում, դոլարից բացի, ավանդներ են ընդունվում նաեւ եվրոյով, իսկ որոշ բանկեր՝ նաեւ ռուսական ռուբլով: Սակայն կարելի է վստահորեն ենթադրել, որ այս ոլորտում դոլարը բացարձակ ռեկորդակիր է: Եվ այսպես, դոլարով հաշվարկի դեպքում արտարժույթով ավանդների գումարը նշված ժամանակահատվածում աճել է 10%-ով: Ինչպես տեսնում ենք՝ ավանդների աճի տեմպերով արտարժույթը, ամեն դեպքում, շրջանցում է ազգային արժույթը:
Միաժամանակ, արտարժույթի կարեւոր աղբյուրներից մեկը՝ արտերկրից ստացվող մասնավոր դրամական փոխանցումները, վվերջին երկու տարիներին զգալիորեն նվազել են: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է գրեթե 277 մլն դոլարով (կամ ավելի քան մեկ երրորդով):
Սմբատ Գրիգորյան




























