ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը, որտեղ փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը:
Անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես եւ տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարեւորում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են եւ կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի եւ արդյունավետության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են եւ թելադրված ժամանակի պահանջով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները:
«Առջեւում են նոր մարտահրավերներ եւ կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», - ասել է վարչապետ Աբրահամյանը եւ համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար:
Այնուհետեւ կայացել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն եւ փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը:
Խորհրդի նիստով փոփոխություններ են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համլասարանի կազմակերպական կառուցվածքում, որի արդյունքում միավորվել են մի քանի բաժիններ:































