Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հաշվետվություն՝ 2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին: Համաձայն լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների՝ 2016 թ. հունվար-հունիսին ՀՀ-ում արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտման 110 դեպք:

2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 31-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 53-ով:

Իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերից 53-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով: Այս ցուցանիշը 2015 թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 34-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ՝  61-ով: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի 57 դեպք: 

2015թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ դեպքերի թիվն ավելացել է 3-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ ` 8-ով:

Եթե 2015թ. առաջին և երկրորդ կիսամյակների ընթացքում առավել մեծ թվով խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու (համապատասխանաբար՝ 39 և 56 դեպքերում) և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (համապատասխանաբար՝ 33 և 31 դեպքերում), ապա հաշվետու ժամանակահատվածում խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է ընդհանուր 42 դեպքում, իսկ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը՝ 36 դեպքում, որից 29-ում` այլ իրավունքների հետ համակցված: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած 43 դեպք, որից 31-ի դեպքում այդ խախտումը զուգակցվել է այլ իրավունքների խախտումներով։