Շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինուհի Արիաննեի հիմնած «Ճամփորդ» թերթը հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունի: Այս մասին այսօր` այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արիաննե Կաոիլին:
«Հայաստանում հանրային իրազեկվածության ցածր մակարդակ կա, ինչը անհանգստացնում էր: Ինձ ամենից շատ հուզում էր այն է, որ հանրությունն իրազեկ չէ, թե ինչ է կատարվում: Վերջին կաթիլն էլ Արցախի իրադարձություններն են, որից հետո միանշանակ էր առաջ գնալը»,-ասաց Արիաննե Կաոիլին` նշելով, որ թերթը հրատարակում է սեփական միջոցներով:
«Ճամփորդ» թերթը հիմնվել է համանուն հասարակական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի նպատակն է անկախ լրագրության զարգացումը, մարդու իրավունքների մասին մարդկանց իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, որակյալ տեղեկատվություն ապահովելը:
Նախատեսվում է, որ հիմնադրամի աշխատանքում կներգրավվեն տարբեր լեզուների իմացությամբ ուսանողներ, որոնք կթարգմանեն հայերեն հոդվածները` աշխարհին տեղեկացնելով այստեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Արիանե Կաոիլիի խոսքով` հիմնադրամը եռամսյակը մեկ դասընթացներ կկազմակերպի լրագրության վերաբերյալ:
«Կազմակերպությունը պատրաստ է ֆինանանսավորել մեդիայի այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են խոսել կանանց խնդիրների մասին: Մենք ցանկանում ենք խոսել հանրային կյանքում կանանց ներգրավվածության մասին»,- ասաց նա:
Հիմնադրամն ունի խորհուրդ, որի կազմում են Արիաննե Կաոլինին, բանաստեղծ Արտաշես Էմինը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմենն Դարբինյանը, լրագրողներ Արտաշես Երկանյանը եւ Գոհար Հայրապետյանը:
«Ճամփորդ» շաբաթաթերթը հնարավոր է ձեռք բերել հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար:





























