34 տարի Թուրքիայում պայուսակների արտադրությամբ զբաղվող, ազգությամբ հայ գործարար Օնո Կոլուկիսայանը որոշել է բիզնեսը Հայաստան տեղափոխել:
«Թուրքիայում օրեցօր լավ չի ըլլա, բիզնես մտածողությունը լավ չի, սիրիացիները շուկան վերացրել են եւ հայերի համար այդ ոլորտում խնդիրներ կան: Բացի այդ` ընկերներ ունենք արտասահմանում, միշտ ասում էին` ինչու Հայաստանում չեք դնում արտադրություն, որոշեցինք, որ տեղափոխենք բիզնեսը»,- այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցոմ ասաց գործարարը, որը Երեւանում մասնակցում է երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումին:
Կոլուկիսայանը արտադրությունը հիմնել է եղբոր հետ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Արտադրանքը արտահանում են Իտալիա, ԱՄՆ ու Հոլանդիա:
Հայաստանյան շուկան գործարարը դեռ չի ուսումնասիրել: Այնուամենայնիվ, ռիսկերից չի վախենում, քանի որ ինչպես ինքը նշեց, Թուրքիայում իր արտադրանքը միշտ ռիսկի տակ է եղել, ավելին, ինքն իր հայկական անունով չի հանդես եկել, որ դժվարություններ չառաջանան:
«Մենք Թուրքիայում արդեն հայ ըլլալու համար ռիսկի մեջ ենք»,- ասաց գործարարը:





























