2015-ի առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի եւ էներգետիկայի աճը կազմել է 10 տոկոս։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Եթե հաշվարկենք համադրելի գները, ապա աճը կազմել է 14 տոկոս։

Նախարարն ընդգծել է, որ մշտադիտարկումը վերաբերում է միայն արդյունաբերությանն ու էներգետիկային, բայց ոչ թե մյուս սեկտորներին։ Նա նշել է, որ գնահատականները տրվում են մշտադիտարկման արդյունքում՝ մոտավորապես 2700 ձեռնարկություններից ընտրելով 280-ը, որոնք ապահովում են հանրապետության արդյունաբերական արտադրության մոտ 80 տոկոսը։ Դրանով է պայմանավորված մշտադիտարկման բավականին բարձր ճշգրտությունը։ Նախորդ մշտադիտարկումը ցույց է տվել 9.3 տոկոս աճ, իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ 8.8 տոկոս։

Ընդ որում, լեռնահանքային արդյունաբերության եւ հանքամշակման ոլորտում աճը կազմել է 20 տոկոս, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արտադրությունն ու իրացումն աճել են 16 տոկոսով, իսկ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում՝  համապատասխանաբար 40 եւ 16 տոկոսով։ Վերամշակվող արդյունաբերության մեջ աճը կազմել է 14 տոկոս, իսկ էներգետիկայում՝ 12 տոկոս։

Պարենամթերքի արտադրության ոլորտում աճը կազմել է 13 տոկոս, իսկ իրացման աճը՝ 19 տոկոս, խմիչքի արտադրության մեջ՝ 26 տոկոս եւ 23 տոկոս, հագուստի արտադրության մեջ՝ 78 եւ 67 տոկոս։

Ամենամեծ աճը գրանցվել է ալմաստների հղկման ոլորտում։ Այստեղ արտադրությունը 3.6 անգամ աճել է, իրացումը՝ 3.8 անգամ։ Բացարձակ ծավալով արտադրությունը կազմել է 13 մլրդ դրամ։