Ոստիկանության համակարգում նոր նշանակում է եղել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Թալինի ոստիկանապետի թափուր պաշտոնում քիչ առաջ  նշանակվել է Աշտարակի բաժնի պետ Արմեն Մելոյանը։ 

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանին պաշտոնանկ էր արել եւ դահլիճից դուրս հրավիրել սպային ոչ վայել պահվածքի համար։

Նշենք, որ Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, որը մինչ այդ ոստիկանության իրավաբանական վաչության պետի տեղակալն էր։ Նոր Հաճնի բաժանմունքի ղեկավարն էլ տեղափոխվել է Նաիրիի բաժնի ղեկավարի պաշտոնում։ Նոր Հաճնի ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է։

Ավելի վաղ NEWS.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր՝ ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկել է կոլեգիայի նիստը, որտեղ ամփոփվելու են 2016-ի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այն սկսվել է տհաճ անակնկալով։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ հենց  խորհրդակցության ժամանակ Վլադիմիր  Գասպարյանը քննադատելով որոշ  ենթականների աշխատանքը՝  հայտարարել է Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի պաշտոնանկության մասին։  Թե ինչն է եղել պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել։ Գասպարյանը այն ձեւակերպել է «սպային ոչ վայել պահվածքի համար»։ Սա հանկարծակիի է բերել նիստի մասնակցիներին։ Չի բացառվում, որ մինչեւ  խորհրդակցության ավարտ այլ պաշտոնանկությունների մասին եւս հրապարակվի։ Նշենք, որ ազատման հրամանից հետո Գեւորգ Պողոսյանը դուրս է հրավիրվել դահլիճից։