Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող Թիրախների խոցման եւ հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման եւ վերանորոգման երկշաբթյա դասընթացը:

«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման եւ վերանորոգման դասընթացներ:

Նշված վարժասարքերը հնարավորություն են ընձեռում մարտական տեխնիկայի եւ հրաձգային զինատեսակների կիրառմամբ ուսումնական անգդակ փամփուշտներով իրականացնել զորավարժություններ մարտական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առաքել նաեւ «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը եւ օժանդակ սարքավորումները: Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետեւել «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին եւ իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել «ՄԱՅԼՍ» սարքավորումների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում եւս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչեւ գումարտակի մակարդակ: