«Պարգեւենք ժպիտ» հասարակական կազմակերպությունը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում դրամահավաք է սկսել հուլիսի 8-ին ամուսնու կողմից կացնահարված կնոջը՝ 37–ամյա Թագուհի Մանսուրյանին օգնելու համար:

«Առաջին բուժօգությունը եղել է անվճար: Կնոջն արել են գլխուղեղի վիրահատություն, որը, սակայն, վճարովի է եղել՝ 460 հազար դրամ: Հիմա անհրաժեշտ է, որ վճարեն այդ գումարը, որ դուրս գրեն կնոջն ու նրա կացնահարված հորը հիվանդանոցից»,- NEWS.am-ին ասաց ՀԿ ներկայացուցիչը՝ նշելով, որ Թագուհու փոքրիկը հիմա նրա եղբոր խնամքին է ու սպասում է մորը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին: