Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինը չի խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ: Կապի որեւէ փորձ, որեւէ շփում այս պահի դրությամբ չի եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Էրդողանի կամ հեղաշրջման մասնակիցների կողմից Պուտինի հետ կապ հաստատելու փորձի մասին հարցին:
Ուրբաթ երեկոյան Թուրքիայի վարչապետը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին: Զինվորականները հայտարարում են, որ իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել՝ սահմանադրական կարգը, մարդու իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար:
Թուրքիայի հանրային հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Անկաայում չորս հզոր պայթյուն է որոտացել, երկնքում կործանիչներ են պտտվում: Ականատեսները հաղորդում են նաեւ Ստամբուլի օդանավակայանում փոխհրաձգության մասին:





























