Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած բախումներում սպանվել է հեղաշրջման 16 մասնակից, եւս 250 մարդ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ոստիկանապետին:

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ անվտանգության ուժերին հաջողվել է ազատել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Հուլուսի Աքարին՝ Անկարայից հյուսիս-արեւմուտք գտնվող ավիաբազայից:

Ավելի վաղ նշվել էր, որ նրան պատանդ են վերցրել ռազմական հեղաշրջման ժամանակ:

Նշենք, որ Anadolu-ի փոխանցմամբ, հեղաշրջման փորձից հետո 754 մարդ է ձերբակալվել, որոնք ներգրավված են եղել հեղաշրջմանը:

Հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 60 մարդ է զոհվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: